Երբ լուրեր տարածվեցին, որ ՈՒելսի արքայազն Չառլզը ներկա է լինելու Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը Թուրքիայի կառավարությունը որոշել է նշել ապրիլի 24-ին, Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը նամակով դիմել է արքայազնին, հաղորդում է «Asbarez»-ը։ «Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է կազմակերպել միջոցառում։ Նույն օրը Թուրքիայի Հանրապետությունը որոշել է հիշել Գալիպոլիի ճակատամարտը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունը կռվել է Անգլիայի և նրա դաշնակիցների դեմ։ Անկասկած, այդ արարողությունը որևէ առնչություն չունի Գալիպոլիի ճակատամարտի հետ։ Դրա նպատակն է ոչնչացնել ազգի մասին հիշողությունը»,- գրել է Ասատուրյանը։
Արքեպիսկոպոսը գրել է, որ արքայազնին որոշել է նամակ գրել, երբ իմացել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազնը հրաժարվել է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, իսկ Գալիպոլիի արարողությանը սպասվում է բրիտանական կառավարության մասնակցությունը՝ բարձրագույն մակարդակով։
«Այն, ինչ զանգվածաբար իրականացվել է հայերի Ցեղասպանության ժամանակ՝ կտրելով մարդկանց կոկորդներն ու ողջ-ողջ այրելով մարդկանց, այսօր իրականացնում է «Իսլամական պետությունը»,- գրել է արքեպիսկոպոսը՝ արքայազնին առաջարկելով պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե 100 տարի անց Մեծ Բրիտանիայի վարչապետը ներկա գտնվեր այսօրվա «Իսլամական պետության» իրավահաջորդի կազմակերպած միջոցառմանը, և հույս հայտնելով, որ Մեծ Բրիտանիան կգործի իր արժեքներին համապատասխան։